Անդրադառնալով անցած շաբաթ կայացած իսպանական էլ կլասիկոյին, որտեղ Մադրիդի «Ռեալին» վերջին երեք տարում առաջին անգամ «Կամպ Նոուում» հաջողվեց առավելության հասնել «Բարսելոնի» նկատմամբ, Եվրոպայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերին ընդառաջ մեր նախորդ նյութում այսպիսի դիտարկում էինք արել. ««Բարսելոն»-«Ռեալ» շաբաթօրյա դիմակայությունը բոլորովին այլ խնդիրներ է առաջին պլան մղում, և դրանց մեջ ամենատագնապեցնողը հետևյալ մտահոգությունն է` աշխարհի գերհզոր այս ակումբների այս ինքնահոշոտումն արդյո՞ք հօգուտ չէր «Բավարիայի» ու «Չելսիի», որոնք պատասխան խաղից առաջ նվեր են ստանում ֆիզիկապես եթե ոչ պարպված, ապա առնվազն կիսաքամ եղած մրցակիցներ»: Անգամ հիմա, երբ ամեն ինչ կայացած փաստ է արդեն, մենք դարձյալ մնում ենք մեր համոզմունքին, որ Եվրոպայի չեմպիոնների լիգայի ամենացանկալի եզրափակիչը «Ռեալ»-«Բարսելոն» տարբերակն էր, և դա ասում ենք ոչ թե որպես գոհացում մեր քմահաճույքի, այլ ի շահ մեծ ֆուտբոլի: Սակայն, անկախ ամեն ինչից, կատարենք մեր պարտքը` անդրադառնալով եղածին:
ԽՆԴԻՐ ԷՐ ԴՐՎԱԾ ԿՐԿՆԵԼ ԷԼ ԿԼԱՍԻԿՈՆ, ՈՒ ՍԱ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻ ՀԱՐՑ ԷՐ
«Այո, «Չելսիի» հետ «Բարսելոնի» հանդիպումը Եվրոպայի չեմպիոնների լիգայի առաջնության խաղարկության շրջանակում էր, ու սա սկզբունքորեն կապ չուներ էլ կլասիկոյի հետ, որտեղ իրար հետ ոչ թե մրցակցում, այլ, բառիս բուն իմաստով, միմյանց քրքրում են իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի երկու լեգենդար թիմերը: Սակայն սա հենց այն խաղն էր, որ կատալոնյան ակումբին հանելու էր արդեն եվրոպական մակնշում ունեցող էլ կլասիկո, ճանապարհ բացելով դեպի Մադրիդի «Ռեալ», որին Գվարդիոլայի թիմը զիջեց սեփական հարկի տակ, զիջեց աններելիորեն, թեպետ չեն լինում միայն հաղթանակներից բաղկացած հանդիպումներ»:
Վերը շարադրվածը, որ միտումնավոր եմ առել չակերտների մեջ, պարզ ու շիտակ ասում եմ, գրել էի թիմերի մինչև չարաբաստիկ երկրորդ խաղը, ու «չեն լինում միայն հաղթանակներից բաղկացած հանդիպումներ» տողից հետո կանգ առել` չկամորեն ինձ հաշիվ տալով, որ «Ռեալը» կարող է և դուրս չգալ եզրափակիչ (ինչպես տեսնում եք, «Բարսելոնի» եզրափակիչ դուրս գալու մասին խոսք չկա):
Ինչո՞ւ եմ «Բարսելոն»-«Չելսի» երկրորդ խաղը բնութագրել չարաբաստիկ, թեպետ նույն տրամաբանությամբ նույն որակումը պիտի ունենար (և ուներ) նաև առաջին խաղը: Ես եղել եմ, կամ և շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեկ խաղով կարելի է հաղթել «Բարսելոնին», սակայն երկու խաղով` ոչ, և այստեղ խնդիրը բնավ էլ այն չէ, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի: Հավատացնում եմ` Տորեսի երկրորդ գոլը չէր լինի, եթե այդ խաղում «Բարսելոնին» բավարարեր 2:1 հաշիվը: Իսկ ստեղծված իրավիճակում, եթե կատալոնցիները չէին խփելու պահանջվող երրորդ անհրաժեշտը, խաղը կավարտվեր 2:1, 2:2, 2:3, թե մեկ այլ հաշվով, սկզբունքորեն մի հաշիվ էր:
Բան չունեմ ասելու` «Չելսին» մի մարդու պես կանգնեց մինչև վերջին շունչն ու երկու խաղի արդյունքով արժանի հաղթանակի հասավ, բայց սա, կրկնում եմ, «Բարսելոնի» պարտությունը չէր: Եթե թողնեք (թողնենք), որ գլխներիդ (գլխներիս) տված բուղը մի փոքր չափաբերվի իր կրքային հզոր պոռթկումի մեջ, Պեպ Գվարդիոլային պիտի շնորհակալություն հայտնեք (հայտնենք) կատալոնյան ակումբի սահմանած բարձր նիշի համար, որն աշխարհի բոլոր թիմերին հարկադրում է իր հետ խաղալ ուժերի գերագույն լարումով, սեփական գլխի վրայից թռչելով, խաղալ որպես կյանքի վերջին խաղ: Ես այնժամ միայն կընդունեմ «Բարսելոնի» պարտությունը, եթե հակառակորդ թիմը համարձակվի խաղալ բաց ֆուտբոլ, ոչ թե տասնմեկ հոգով դառնա դարպասապահ, պաշտպանական հզոր շերտ ու մտածի` ինչ անել վատագույնից խուսափելու համար` հոգու խորքում ապավինելով պարոն ինքնահավան պատահականությանը: Չեմ ժխտում` սա էլ է պայքարի ձև, բայց խոստովանենք` անհնար է ապրել մշտական վախը սրտում: Դա արդեն կյանք չէ, դա, եթե կոնկրետանում ենք, արդեն ֆուտբոլ չէ: Եթե կուզեք ճիշտն իմանալ` դա հակաֆուտբոլ էլ չէ: Դա ինչ-որ երրորդ վիճակ է, որը կապ չունի այս գեղեցկագույն խաղի հետ, որի ամենախոշոր իմաստը սրընթաց, պոռթկուն հարձակումն է, դարպասի գրավումը:
Իմ այս ասածները բնավ էլ կապ չունեն սիրած թիմին ամեն գնով պաշտպանելու հետ: Քավ լիցի, ինչի՞ մասին է խոսքը: Ժամանակը միշտ էլ ծնում է մեծագույն ակումբներ և նրանց համար սահմանում մեծագույնի որակում մնալու որոշակի իքս ժամանակահատված, մինչև որ իր առանձնաշնորհները չի տալիս մեկ այլ ակումբի: Հարափոփոխը ֆուտբոլի (ընդհանրապես կյանքի) գլխավոր նախապայմանն ու օրինաչափությունն է, և սրա մեջ է նրա ողջ հմայքը: «Բարսելոնի» կատարմամբ ֆուտբոլն այսօր հասել է մի մակարդակի, որտեղ նրան հաղթել կարելի է «դարպասապահ+պաշտպանական գծի ևս տասը խաղացող» սխեմայով` աջակից ունենալով պատահականությունն ու թիմի խաղի չստացվելը: Եվ թեպետ սրանք են այսօրվա «Բարսելոնին» հունից հանելու, ռելսերից գցելու վճռորոշ գործոնները, ասվածը բնավ էլ չի նշանակում, թե կատալոնյան ակումբի համար չկան խոչընդոտներ, արգելակիչներ, ամեն ինչ ծամված, մարսված բան է: Վերջին երկու-երեք խաղերը ցույց տվեցին, որ թիմը կանգնած է մրցակիցների տոտալ պաշտպանությունը հաղթահարելու հիմնախնդրի առաջ: Կկարողանա՞ Պեպ Գվարդիոլան խնդրին լուծում գտնել, այնժամ կդառնա նորագույն Յոհան Կրոյֆ, ում ձեռքի գործն է (այնուամենայնիվ, խոստովանենք) այսօրվա «Բարսելոնի» խաղային ձեռագիրը: Գվարդիոլան մինչև այժմ հաստատել է իր մեծագույն խմբագիր լինելը: Այ, երբ նրան կհաջողվի գտնել տոտալ պաշտպանության անցած մրցակցին հաղթելու բանաձևը (խոսքը, բնականաբար, համաշխարհային բարձր դասակարգում ունեցող ակումբների մասին է), այնժամ միայն Պեպը ձեռք կբերի «ֆուտբոլային օրենսդիր» տիտղոսը: Եվ սա ամենից հրաշալի հասկանում է նա` խոստովանելով, որ մրցակիցները գտել են «Բարսելոնի» հետ խաղի հակաթույնը, ուստի պիտի անցնել որակապես նոր փուլի:
ՏՈՒՆ ՏԱՆՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ
Երկրի ներքին առաջնությունում գործնականում չեմպիոնական տիտղոսը նվաճած Ժոզե Մոուրինյոն ու իր սաները կասկած չունեին, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մյուս մասնակիցը հենց իրենք են լինելու, որքան էլ մրցակցի հարկի տակ խաղը տանուլ էին տվել 1:2 հաշվով: Ավելին, եթե հիշում եք, պորտուգալացի մարզիչն առաջին խաղից հետո հայտարարել էր, որ իրենք լքում են Մյունխենը` նորից այնտեղ վերադառնալու պայմանով: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ դա միանգամայն լուծելի խնդիր էր, ու սա ոչ նրա համար, որ «Բավարիան» ցածրակարգ թիմ է: Բնավ: Սակայն այս պահի դրությամբ «Ռեալն» անառարկելիորեն ավելի բարձրակարգ թիմ է, նրա միակ մրցակիցը «Բարսելոնն» է` այն էլ սակավ դեպքերում հաղթահարելի: Սա՛ է այսօրվա ռեալությունը, որի հետ, ուզես, թե չուզես, չես կարող հաշվի չնստել, ինչպես «Չելսիին» չես համեմատի «Բարսելոնի» հետ, որքան էլ անգլիական թիմն է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալու: Պարզապես այս երկուսն էլ այն դեպքերից են, որոնք հաստատում են` արդյունքը միշտ չէ, որ գերազանցության անսխալ ցուցիչ է: Ես ավելի քան համոզված եմ` «Ռեալը» միանշանակ կհաղթահարեր «Բավարիայի» արգելքը, եթե պատասխան խաղից առաջ եղած չլիներ էլ կլասիկոն` «Բարսելոնի» հետ բոլոր առումներով հոգնատանջ խաղը:
Դառնալով «Սանտյագո Բերնաբեուում» ծավալված մրցակցությանը` ասենք, որ այն անհամեմատ հետաքրքիր ստացվեց կիսաեզրափակչի «Բարսելոն»-«Չելսի» դիմակայությունից: Սա արդեն բաց ֆուտբոլ էր` սրընթաց հարձակումներով, դարպասապահների հրաշալի սեյվերով: Խաղասկզբում առավել հաջողակ գտնվեց «Ռեալը», որն արդեն տասնչորսերորդ րոպեին դիմակայությունը շահում էր 2:0 հաշվով (երկու գոլի հեղինակն էլ Ռոնալդուն է), թեպետ մադրիդցիների առաջին իսկ գոլը երկու խաղի արդյունքում նրանց համար արդեն իսկ ապահովել էր մրցակցի նկատմամբ ցանկալի առավելությունը, եթե, իհարկե, խաղն այդպես էլ ավարտվեր:
Ի պատիվ մյունխենցիների, նրանք կարողացան արագ գտնել իրենց և առաջին խաղակեսի միջնամասում ապահովել տանը ձեռք բերած արդյունքի հայելային արտացոլումը: Հետաքրքրական է, որ տասնմեկմետրանոցն իրացնելու համարձակությունն իր վրա վերցրեց Արիեն Ռոբենը, ով նմանատիպ իրավիճակում երկրի ներքին առաջնությունում վրիպեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ թիմի համար ճակատագրական նշանակություն ունեցող խաղում: Ասում ենք` հետաքրքրական, որովհետև սա մարզական իսկապես մեծ խիզախում էր. վրիպելը նրա համար կնշանակեր խաչ քաշել եթե ոչ ողջ մարզական կարիերայի, ապա առնվազն «Բավարիայում» մրցելույթները շարունակելու վրա (լրատվամիջոցները վկայում են, որ Ռիբերիի զայրույթն այնքան մեծ է եղել, որ դարպասը չգրավելու համար խաղից հետո մի քանի «քաղցր» հիշոցով ապտակել է հոլանդացուն):
«Սանտյագո Բերնաբեուում», բնականաբար, խաղի 2:1 հաշիվը կողմերից և ոչ մեկին առավելություն չէր կարող տալ: Այն փոխելու համար երկուստեք գործադրվեցին առավելագույն ջանքեր, սակայն ցուցատախտակի վրա գրանցվածը մնաց անփոփոխ ինչպես խաղի հիմնական, այնպես էլ ավելացված լրացուցիչ ժամանակահատվածում: Վճռորոշ դարձան հետխաղյա տասնմեկմետրանոցները, որտեղ առավել դիպուկ էին մյունխենցիները (3:1):
Այսպիսով հայտնի դարձավ եզրափակիչ դուրս եկած մյուս թիմը ևս: Մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանց Արենայում», ասել է թե` սեփական հարկի տակ, «Բավարիան» կհյուրընկալի անգլիական «Չելսիին»` վիճարկելու Եվրոպայի ուժեղագույն թիմի տիտղոսը: Նյութն ավարտելուց առաջ չեմ կարող դիմանալ գայթակղությանն ու չասել` եթե Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունից համաշխարհային ֆուտբոլի երկու հզորագույն ակումբների դուրս մնալու անտրամաբանական իրողությունից հետո որևէ մեկը կփորձի ձեզ ասել, թե «Բավարիա»-«Չելսի» զույգից ով է լինելու հաղթողը, բարեկամաբար խորհուրդ կտամ պարզապես չհավատալ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ